Անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանել է Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառման մեջ մեջբերված փաստաթղթերը. «Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը:
Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից», - ասված է պարզաբանման մեջ:
Անդրադառնալով գրության բովանդակությանը՝ Անվտանգության խորհրդից նշում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին. «Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։ Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»: Ըստ կարգի ՊՆ-ն ԱԻՆ-ը, ԱԱԾ-ն իրենք ներգրավել են շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։